07/09/2020 14:12
Քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով ուշացած. Ալեն Սիմոնյանը՝ սոցցանցներում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափի մասին
Իմ առաջարկով նախկին 1 միլիոնը դառնում է 5 միլիոն, իսկ զրպարտության պարագայում 2 միլիոնը բարձրանում է մինչև 10 միլիոն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով սոցիալական ցանցներում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափին:
«Սա նախնական առաջարկ է: Կառավարությունն իր հերթին առաջարկում է 2 միլիոն և 3 միլիոն դարձնել, որը, կարծում եմ, պետք է քննարկենք լիագումար նիստին: Կուզեմ նաև մյուս խմբակցությունների պատգամավորների կարծիքները լսել», - ասաց բանախոսը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինքը, որպես զրպարտության և վիրավորանքի հարցերով 6 դատական հայց ունեցող անձ, կարող է վստահեցնել, որ փոփոխությունները կզսպեն ստահոդ տեղեկություններ տարածողներին:
«Կարծում եմ՝ քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով ուշացած: Իրոք, քննարկելու հարց կա, այստեղ մենք խնդիր ունենք: Կարծում եմ՝ գումարի չափը կարող է մարդկանց զսպել:
Օրինակ՝ ինչ-որ կոնկրետ անձ կարող է հնարել, որ իմ վերնաշապիկն արժե 10 հազար դոլար կամ մի բան վերագրի ինձ, որի լուրը շրջանառվի ու շահարկվի: Մինչդեռ օգտատերրը կամ որևէ քաղաքացի վիրավորանք հնչեցնելուց առաջ պետք է 2-3 անգամ ավելի շատ կմտածի: Դա վերաբերում է նաև մեզ՝ քաղաքական գործիչներիս: Մենք ևս պետք է զգույշ լինենք», - նշեց ԱԺ փոխխոսնակը: