17/09/2020 13:14
Համայնքի ավագանին չի ցանկանա հայտարարագրել միջոցները, նրանք չեն վարձատրվում պետությունից. Սամսոնյան
Համայնքի բնակիչները իրավունք ունեն իմանալու՝ ինչպես է տնօրինվում իրենց համայնքի գույքը, օրենսդիրում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ ավելացնելով, որ թե՛ ավագանու անդամները, թե՛ ղեկավարներն ունեն լայն հնարավորություններ՝ չարաշահումներ անելու, բայց մյուս կողմից էլ նա խնդիր առաջ քաշեց.
«Առհասարակ, տեղական ինքնակառավարման համակարգում քաոս է, ավագանու ինստիտուտը դեռևս չի կայացել, ավագանու անդամը չի վարձատրվում, ուստի դժվար է նրան ներգրավել, որ գա, դառնա ավագանու անդամ: Այս դեպքում, երբ առաջարկում ենք, որ տարեկան հայտարարագրվեն նաև նրանք, մեծապես վնաս ենք հասցնում ավագանու ինստիտուտին՝ որակական առումով»:
Պատգամավորն ընդգծեց, որ ավագանու անդամները չեն ուզենալու հայտարարագրել իրենց միջոցները, որովհետև նրանք չեն վարձատրվում պետությունից, իրենց ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից.
«Անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է հայտարարագրվեն»:
Սամսոնյանն առաջարկեց համապատասխան օրենքի նախագծում վերանայել ավագանու անդամների մասով հայտարարագրման դրույթները:
«Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանն էլ հստակեցրեց, որ հայտարարագրվելու են կոնկրետ տեսակի ծախսերը, օրինակ, հանգստի, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության:
«Դրանք չպետք է գերազանցեն միանվագ 2մլն. դրամը», - ասաց նա: