F-16-երի հետ Ադրբեջանը վաղուց էր աշխատում. Երևանը տիրապետում է համապատասխան տեղեկությունների. Հովհաննիսյան
30/09/2020 12:36

F-16-երի հետ Ադրբեջանը վաղուց էր աշխատում. Երևանը տիրապետում է համապատասխան տեղեկությունների. Հովհաննիսյան

Դեռ օգոստոսին, երբ զորավարժություններն ավարտվեցին և Ադրբեջանից չհանվեցին F-16-երը, ՀՀ ՊՆ-ն հարց բարձրացրեց համապատասխան մարմիններին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրը չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են: Լավ գիտենք, որ F-16-երի հետ իրենք վաղուց աշխատում էին: ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների, և բոլոր նրանց, ովքեր հերքում են և լուրջ չեն վերաբերում մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ են սպասվում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը հերքում է՝ F-16-եր ունեն՝ նկատելով, որ հայկական կողմը լավ գիտի՝ դրանք Թուրքիայինն են:

«Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, որոնք համադրելի չէին ՄԻԳ 29-ի կամ ՍՈՒ 25-ի հետ, հետևաբար, F-16-երը պետք էին համադրումը իրականացնելու համար: Գիտենք նաև, որ եթե օդում է, Բայրակթարին է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի ու կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում: Համարներով գիտենք: 
 
F-16-ը միայն կարող էր, թեկուզ 60 կմ հեռավորության վրա գտվելով, համապատասխան բարձրությունից տեսներ ՍՈՒ 25-ը, որովհետև օդաչուները փորձ ունեն, գիտեն՝ ինչպես գալ, ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող հայտանաբերել, իսկ F 16-ը կարող էր», - ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ F-16-երը զույգերով կատարում են համապատասխան խնդիրներ:
 
Թե ո՞ր երկրի տարածքով են եկել, Հովհաննիսյանն ասաց՝ չի կարող հայտարարել, բայց տեղեկություններին տիրապետում են:
F-16-երի հետ Ադրբեջանը վաղուց էր աշխատում. Երևանը տիրապետում է համապատասխան տեղեկությունների. Հովհաննիսյան