«Տղերք, հայրենիքն ունի ձեր կարիքը». Վարչապետը վերջին մեկ տարում բանակից զորացրվածներին կոչ արեց այս պահից սկսած կամավորագրվել (Տեսանյութ)
05/10/2020 17:21

«Տղերք, հայրենիքն ունի ձեր կարիքը». Վարչապետը վերջին մեկ տարում բանակից զորացրվածներին կոչ արեց այս պահից սկսած կամավորագրվել (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրվածներին։

«Նրանք, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի և խնդիրն այն է, որ գործնականում, ես չգիտեմ օրենքն ինչու է այդպես գրվել, դա նոր եմ իմացել։ Վերջին տարում մեր զորացրված տղաները գործնականում ամենամարտունակն են, մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են, խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը», - ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետը։

«Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը», - ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ՝ հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականությունն է։

«Մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից, եթե մենք ոտքի չկանգնենք, բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ ուզում է կոչով դիմել, որ վերջին մեկ տարում բանակից զորացրված տղաներն այս պահից սկսած ներկայանան Կենտրոնական հավաքակայան ու զինվորագրվեն հայոց բանակին։

«Ես արդեն անհրաժետ հանձնարականները տվել եմ», - ասաց ՀՀ վարչապետը։

Վարչապետը, դիմելով մյուսներին, ասաց՝ ովքեր ունեն տաք «բուշլատներ», սաղավարտներ, զրահաբաճկոններ՝ թողնեն կենտրոնական հավաքակայանում:

«Կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք ու մեր հակառակորդի ողնաշարը ջարդենք: Մենք պետք է հաղթենք», - բարձրաձայնեց Փաշինյանը:

Դիմելով տղաներին՝ նա ավելացրեց.

«Ինչ խնդիրներ կկատարեք, որ տեղերում հրամանատարությունը կկազմակերպի: Ձեզնից էլ որոշակի հրամանատարական օղակներ կձևավորվեն: Խոսքն ուղղակի ծառայության մասին չէ, կենաց-մահու կռվի մասին է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մենք կկարողանանք այդ կռիվը տալ և հաղթանակ ապահովել այս պատերազմում.

«Տղերք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ»:

«Տղերք, հայրենիքն ունի ձեր կարիքը». Վարչապետը վերջին մեկ տարում բանակից զորացրվածներին կոչ արեց այս պահից սկսած կամավորագրվել (Տեսանյութ)