Դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար. ի գործ. Արայիկ Հարությունյան
13/10/2020 13:03

Դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար. ի գործ. Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը: 

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ  սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:

Հայրենական սուրբ պատերազմի  այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:

Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:

Ի գործ…», - գրել է Արցախի Հանրապետության նախագահը։

Դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար. ի գործ. Արայիկ Հարությունյան