ՄԻՊ աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են հայ ռազմագերիների գնդակահարման վայրն ու ժամը
15/10/2020 20:58

ՄԻՊ աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են հայ ռազմագերիների գնդակահարման վայրն ու ժամը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութն անհրաժեշտ նկարագրությամբ կուղարկի միջազգային մարմիններին` ըստ իրավասության: 

«Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ: Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ: Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաև թիրախավորելով երեխաների ու տարեցների»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաև ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում: Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ: Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- գրել է Թաթոյանը:

ՄԻՊ աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են հայ ռազմագերիների գնդակահարման վայրն ու ժամը