ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը
16/10/2020 21:29

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը

Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանն Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020թ.,ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։ 

Դատարանը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ», - նշել է Զեյնալյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։