20/10/2020 16:36
Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով. Արցախի ԱԻԾ
Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա: Այս մասին ասված է Արցախի արտակարգ իրավիճակներ պետակա ծառայության տարածած հաղորագրության տեքստում:
«Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:
Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.
Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին», - նշված է հայտարարության տեքստում: