28/10/2020 16:05
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը
ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 69 կողմ քվեով, ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնելիս ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել էր՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության իրավիճակում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտության առաջացման հարաբերությունները, մանրամասն ներկայացվում են այդ գույքն օգտագործման վերցնելու երաշխիքները և ընթացակարգը, գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները:
«Եթե գույքի կորուստ կամ ոչնչացում է լինում, համապատասխան չափով հատուցում է տրամադրվում: Եթե հնարավոր է գույքը նորոգել և վերադարձնել, այդպես էլ արվում, եթե ոչ՝ համապատասխան չափով փոխհատուցում է տրվում», - պարզաբանել էր ՊՆ փոխնախարարը:
Նշենք, որ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ:
Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: