29/10/2020 19:44
Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և հակառակորդին պատժենք հենց Շուշիի դարպասներում. Արցախի նախագահ (Տեսանյութ)
Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը՝ և ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը, ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, ինքը 1992 թվականի մայիսի 8-ին առաջիններից մեկն է եղել, ով մտել է Ղազանչեցոց եկեղեցի, համբուրել խաչը:
«Այսօր ևս համբուրել եմ խաչը, մոմ եմ վառել՝ հանուն մեր հաղթանակի», - ասաց Արայիկ Հարությունյանը:
ԱՀ նախագահը վստահություն հայտնեց, որ հաղթելու ենք այս պատերազմում, այս օրերը բեկումնային են լինելու:
«Դրա համար մեզ պետք է միավորվել, պետք է կռվել, պատժել թշնամուն: Բայց նաև պետք է ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկե, սա խուճապային ելույթ չէ, հակառակը: Նորից կրկնում եմ՝ հավատում եմ մեր հաղթանակին, քան երբևէ: Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և հակառակորդին պատժենք հենց Շուշիի դարպասներում: Եկե՛ք միասին կռվենք: Իհարկե, գիտակցում ենք ամեն ինչ, բայց նաև եկե՛ք մեր ամենամեծ առաքելությունը կատարենք՝ հանուն մեր ապագայի, հանուն հայրենիքի, հանուն մեր սերունդների: Հաղթանակը մերն է լինելու, համոզված եղեք: Ես հավատում եմ հաղթանակին», - համոզմունք հայտնեց Արայիկ Հարությունյանը: