26/11/2020 11:15
Ռազմական դրության վերացման հարցով ԱԺ արտահերթ նիստն ընդհատվեց. Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց
Ռազմական դրության վերացման հարցով ԱԺ արտահերթ նիստի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
«Քանի որ կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա, խնդրում ենք 20 րոպե ընդմիջում, որպեսզի վերջինս կարողանա նիստին ներկա գտնվել», - իր խնդրանքը բացատրեց Մակունցը:
Հիշեցնենք, որ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» նախագիծ ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ավելի վաղ բացասական եզրակացություն էր ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:
Արտահերթ նիստում որոշման նախագծի քննարկման համար անհրաժեշտ է, որ այն քվեարկությամբ ընդգրկվի նիստի օրակարգում: