Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
04/12/2020 10:25

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

«Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել, բայց ամբուլատոր բուժումը պետք է դեռ շարունակի», - նշեց Ալթունյանը։

ՊԲ նախկին հրամանատարը դեռ չի վերադառնա բանակ. վերականգնողական արձակուրդում է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով», - ասել էր նախագահը։

Հոկտեմբերի 28-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից