30/12/2020 12:43
Լավրովը գնահատել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի, և կողմերը վճռական են՝ կատարել պայմանավորվածությունները:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք Բաքվի և Երևանի՝ իրենց պարտավորությունները կատարելու տրամադրվածությունը և իրավիճակի ընդհանուր կայունացմանն ուղղված ջանքերը: Կցանկանայի նշել կողմերի ցուցաբերած համագործակցության բարձր աստիճանը «տեղում» ծագող խնդիրների լուծման հարցում», - ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը նույնպես շարունակում է կատարել հրադադարի համաձայնագրի երաշխավորի ստանձնած իր գործառույթը:
«Օրակարգում է հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման կանխարգելումը, ինչպես նաև տարածքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր խնդիրների լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաարգելափակումը», - նշել է Լավրովը:
Ըստ նրա`դրական միտում է նկատվում բոլոր ուղղություններով:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հրադադարի ռեժիմի միակ նկատելի խախտումը տարածաշրջանում գրանցվել է դեկտեմբերի 13-ին, սակայն համատեղ ջանքերի շնորհիվ իրավիճակը կարգավորվել է:
«Միակ նկատելի խախտումը, որը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել շփման գծում, որտեղ ռուս խաղաղապահները ներկա չեն եղել: Մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից ձեռնարկված ակտիվ քայլերը ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփման ընթացքում հնարավորություն են տվել խուսափել միջադեպի տարածումից», - մանրամասնել է նա: