07/01/2021 14:33
Հայտարարությունը, թե Սյունիքից ոչ մի սանտիմետր չի զիջվել, կարող է ունենալ իրավական հետևանք. Փաստաբան
Սահմանների շարունակականության սկզբունքը, որն, ըստ Ադրբեջանի, պետք է պարտադրվի նաև Հայաստանին, չի կարող գործել առանց բոլոր մասնակից սուբյեկտների փոխադարձ համաձայնության, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց փաստաբան Լևոն Գևորգյանը:
«Ադրբեջանի պնդմամբ՝ ՀՀ-ն ընդունել է խորհրդային սահմանների շարունակականության սկզբունքը փաստաթղթերով՝ խոսքը ԱՊՀ հիմնադիր պայմանագրի ու Ալմա-Աթայի հռչակագրի մասին է: Սակայն այդ փաստաթղթերում տեսնում ենք, որ դրանցում իրականում խոսքը գնում է տարածքային ամբողջականության և տարածքային անքակտելիության սկզբունքների մասին», - նշեց փաստաբանն՝ ավելացնելով, որ խորհրդային սահմաննների շարունակականության ենթադրյալ պնդումը տարածքային ամբողջականության սկզբունի հետ որևէ աղերս չունի:
Գևորգյանի խոսքով՝ ՀՀ և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ երբևէ որևէ միջազգային երկկողմանի գործընթաց տեղի չի ունեցել: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ «միջազգայնորեն ճանաչված սահման» եզրույթն իրականում ոչ այլ ինչ է, քան որևիցե արժեք չունեցող պնդում:
Լևոն Գևորգյանը նաև բարձրաձայնեց. «Հայտարարությունը, թե Սյունիքից ոչ մի սանտիմետր չի զիջվել, կարող է ունենալ իրավական հետևանք»: