12/01/2021 17:43
Մոսկվայի հանդիպումը Հայաստանի համար հետևանք էր, ոչ թե արդյունք. Փաշինյանը հլու-հնազանդ համաձայնել է Ալիևի հնչեցրած գնահատականներին. Հայկ Նահապետյան
Երեկ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Հայաստանի համար ոչ թե արդյունք, այլ հետևանք է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
«Երեկ մենք տեսանք պարտության հետևանքները, ինձ համար դա սպասելի էր։ Ադրբեջանը, որպես այս պատերազմում հաղթած կողմ, այս պահի դրությամբ ստանում է այն առավելագույնը, ինչն ամրագրված է նոյեմբերի 10-ի փաստաթղթում և չի կատարում գոնե նվազագույն այն պարտավորությունները, որ ինքը վերցրել էր։ Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում էր գերեվարծվածների և դիերի փոխանակմանը։ Ես փորձում էի մի փոքր լավատես լինել, քան՝ իրատես, որ գոնե այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը որոշակի առումով փոփոխություններ կբերի. ճանապարհների ապաշրջափակման, կոմունիկացիոն խնդիրների բացման, տնտեսական որոշակի գործընթացներ սկսելու համար գոնե այդ հարցը հայկական կողմից պետք է լիներ որպես որոշակի նախապայման։ Ցավոք, այդ նախապայմանը չեղավ», - ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, հլու-հնազանդ համաձայնել է Ալիևի կողմից հնչեցված գնահատականներին.
«Ընդամենն իր դժգոհությունը հայտնեց, որ լիարժեք չի կատարվում գերեվարված քաղաքացիների փոխանակման հարցը»։
Մինչդեռ, քաղաքագետի գնահատմամբ, Փաշինյանը կարող էր այլ կեցվածք դրսևորել.
«Նա, մեղմ ասած, էլ կորցնելու տեղ չունի։ Քաղաքական շահարկման համար Փաշինյանը մի անգամ զուգահեռեց Նախիջևանի միջանցքի բացումը հայտարարության 8-րդ կետի հետ, սակայն մեկը մյուսի հետ որևէ կապ չունի։ Ուղղակի Հայաստանը կարող էր նախապայման դնել, որ հստակ ժամկետներ լինեին գերեվարվածների վերադարձի համար։ Հարցը որպես նախապայման առաջ քաշելու փոխարեն՝ հանդիպման վերջում Փաշինյանը դասը սերտած աշակերտի նման քթի տակ փնթփնթաց, որ այդ կետը չի կատարվում և ցանկալի կլինի, որ կատարվի»։
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու հարցին, Հայկ Նահապետյանն ասաց.
«Մեղրիով անցնող այդ հատվածը, որը կկապի թուրքական երկու հատվածները, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար է կարևոր, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի Թուրքիայի շահերի հակադրման տիրույթում։ Եվ եթե հայկական կողմը պատերազմում պարտվելուց հետո այլևս չի կարողանում վերահսկել կարևորագույն այդ հանգույցը, մրցակից երկու պետություններ կան, որոնք ցանկանում են դա անել։ Հայաստանի համար ձեռնտու է, որ այդ միջանցքը վերահսկելի լինի գոնե մեր դաշնակցի, ոչ թե Թուրքիայի կողմից», - նշեց Հայկ Նահապետյանը։
Ըստ քաղաքագետի՝ այս վարչակազմի կառավարության օրոք հայկական կողմի կորուստներն ավելին կարող էին լինել։
«Ինչու 1993-94-ին մենք վերցրեցինք այդ 7 շրջանները, որովհետև ուժեղ էինք, հաղթող կողմն էինք, հիմա Ադրբեջանն է հաղթող կողմ։ Հարց է հնչում, թե մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, իսկ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է դրսևորում, ինչո՞ւ չդիմեցինք ՀԱՊԿ-ին։ Այդ «ինչուներին» ավելի շուտ պետք է Հայաստանի իշխանությունները պատասխանեն։ Հետևաբար, երբ ասում եմ, թե մենք ավելին կարող էինք կորցնել, այդ պատճառով եմ ասում։ ՌԴ պետդումայի պրոֆիլային հանձնաժողովի նախագահներ ու տեղակալներ հարց էին բարձրացնում, թե ինչու Հայաստանը չի դիմում։ Հայաստանի կողմից բանակցությունների հարցի հետ կապված Ալեն Սիմոնյան կոչված անձը բարբաջում էր հիմարություններ։ ՀԱՊԿ-ը չէր կարող առանց դիմումի քննարկում իրականացնել», - ասաց քաղաքագետը։
Նահապետյանն ասաց նաև, թե կարծում է, որ իրականում այս պատերազմի բուն նպատակն Արցախն ամբողջովին հայաթափելն էր. Հայաստանի սահմաններում պետք է լիներ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ զինված ուժերի սահմանագիծը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանից և Թուրքիայից եկող վտանգը դեռ չի վերացել, հետևաբար Ռուսաստանն իր ներկայությունը մեծացնում է և՛ Արցախում, և՛ Հայաստանում, որովհետև կա դրա անհրաժեշտությունը, կա մեծ վտանգ։
«Արցախի հանձնումը, ըստ իս, անգլոսաքսոնական երկրների կողմից Հարավային Կովկասն ամբողջությամբ Ռուսաստանի ազդեցության գոտուց զրկելու գործընթացի մի փուլն էր, որը մասնակի ստացվեց։ Եթե Փաշինյան Նիկոլը հասկանար այն վտանգները, որ իրեն ներկայացրել էին ԱԱԾ տնօրենը, ԳՇ պետը և պաշտպանության նախարարը... Ինչո՞ւ ժամանակին չկանգնեցրեց պատերազմը։ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը՝ ստելով, որ Շուշիի մասին խոսակցություն է եղել, և ինքը չի համաձայնել, մինչդեռ Պուտինն ասաց, որ Շուշիի մասին խոսակցություն չի եղել։ Եվ այդ ստախոսը կարևոր խոսակցությունը չի ներկայացրել ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին։ Չի ասել, որոհետև ըստ պլանի, որով իրեն բերեցին իշխանության, Արցախն ամբողջությամբ պետք է հայաթափվեր, ինչի մասին բարձրաձայնել է Սամվել Բաբայանը։ Անձ, որի մուտքը ՌԴ արգելված է։ Սա է իրողությունը», - եզրափակեց քաղաքագետը։