15/01/2021 12:32
Ադրբեջանական նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից. հերթական հայատյացության դեպքը. ՄԻՊ
Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով, գրված է ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում:
Մասնավորապես, Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներ, որոնցից մեկը արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է։ Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ»:
Նշվում է, որ այդ նամականիշը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այն պնդումները, որ Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն ու դա անում է հենց էթնիկ պատկանելիության հիմքով, միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայ են։
«Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։ Հենց այդ թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, որոնք կատարել են պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները էթնիկ հայերի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս ամենի խորքային պատճառները հիմնավորված են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հրապարակային զեկույցի ապացույցներով ու դրանց վերլուծությամբ («Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»):
Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում հատկապես ունենալով երեխաների:
«Հենց այս ամենն է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության սահմանների որոշման գործընթացի ժամանակ՝ երաշխավորելու համար հայերի կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքները», - ասվում է պաշտպանի էջում։