16/01/2021 16:10
Քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժի թափուր տեղն այսուհետ համալրվելու է մրցույթով
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը:
ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի եղել:
Մրցույթ հայտարարվում է միայն մանկավարժի թափուր տեղ առաջանալու դեպքում և հետևյալ ընթացակարգով՝ թափուր տեղ առաջանալու օրվանից հետո 7-օրյա ժամկետում, իսկ նախապես թափուր տեղ առաջանալու օրը հստակ իմանալու դեպքում, ոչ շուտ, քան այն առաջանալուց մեկ ամիս առաջ տրվում է մրցույթի հայտարարություն:
Հաստատության տնօրենը թափուր տեղ առաջանալու մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պետական լիազորված մարմնին` այդ մասին տեղեկատվությունը vetarmenia.am կայքէջում տեղադրելու նպատակով:
Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է «Կրթություն» շաբաթաթերթում կամ տեղական մամուլում, առկայության դեպքում՝ նաև հաստատության կայքէջերում: Այդ մասին տեղեկատվություն է տրվում նաև տվյալ տարածքի զբաղվածության ծառայությանը:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթը չկայանալու դեպքում, անկախ պատճառներից, թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար (մրցույթը չկայանալու օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում) տրվում է նոր հայտարարություն` մինչև հաղթող ճանաչվելը:
Համապատասխան մանկավարժ չլինելու դեպքում մինչև մրցույթի կայանալը աշխատանքի կարող է ընդունել սահմանված պահանջներին բավարարող անձի` որոշակի ժամկետային պայմանագրով: Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, որը հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում համապատասխանում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, իսկ մասնագիտական առարկաների դեպքում` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված, մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ (ցանկը սահմանված է ՀՀ կառավարության կողմից) տառապող անձինք, ինչպես նաև նրանք, ում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար):
Մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ տնօրենը ձևավորում է մրցութային հանձնաժողով` 5 անդամից բաղկացած: Հանձնաժողովում պարտադիր ընդգրկվում են` տնօրենը, որը նաև հանձնաժողովի նախագահն է, տնօրենի ուսումնական գծով տեղակալը, բաժնի կամ ամբիոնի վարիչը (առկայության դեպքում), հաստատության խորհրդի նախագահը կամ նրա համաձայնությամբ` խորհրդի անդամներից մեկը` բացառությամբ խորհրդի կազմում ներառված ուսանողներից և մանկավարժներից: Տնօրենը հանձնաժողովի ամբողջական կազմը համալրում է իր ընտրությամբ` նախապատվությունը տալով տվյալ առարկայի (մոդուլի) համար պահանջվող որակավորում ունեցող անձանց:
Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, մասնակիցը կարող է բողոքարկել դրանք: Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել` դիմելով կրթության պետական կառավարման լիազոր մարմնին կամ դատական ատյան: