18/01/2021 10:29
Պատեհ չէ առանձին իրավական «պոզիտիվիստական» կետի, ստորակետի, ենթակետի վրա շեշտադրել ու բաց թողնել ռազմագերիների հարցը բարձրաձայնելու հնարավորությունը. պատգամավոր
Փաստաթղթում մեկ կետ է մնացել, որը դեռևս կենսագործված չէ, առաջարկում ենք այդ կետը քննարկել այս ամբիոնից, խորհրդարանում ԱԺ քառօրյա նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քններկելու վերաբերյալ» որոշման նախագծը:
Պատգամավորի մատնանշած մեկ կետը ռազմագերիներին վերադարձնելու մասին է:
«Գիտեմ՝ իմ գործընկերները կասեն, որ Սահմանադրության հետ կապված, ԱԺ կանոնակարգ օրենքի հետ կապված իրավական խնդիրներ ունենք: Բայց այստեղ խոսքը լայնախոհություն դրսևորելու մասին է: Պատեհ չէ առանձին իրավական «պոզիտիվիստական» կետի, ստորակետի, ենթակետի վրա շեշտադրել և բաց թողնել ևս մեկ հնարավորություն ռազմագերիների հարցը բարձրաձայնելու ուղղությամբ», - ասաց պատգամավորը՝ կոչ անելով դրական քվեարկել: