19/01/2021 17:47
«Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր». Յուրի Խաչատուրովին վրդովվեցնում է, որ պատերազմի մեղավորներն ուզում են իրենց բանտ նստեցնել (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։
«Երկուսուկես տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց երկու ամիս առաջ, ուղիղ նպաստեց ՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով գեներալ-գնդապետներին, մի ասացվածք կա՝ «երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների», ընդամենն իմ ասածը սա է նշանակում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, թե մարդիկ, որոնք նպաստում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ հողերի կորստի համար, զոհերի, անհետ կորածների համար, կամա թե ակամա, նպաստել են այդ ամեն ինչին։
«Սա իմ համոզմունքն է ու այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ՝ այս դատական նիստին», - ասաց Քոչարյանը։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ իր հերթին ասաց, թե երկու տարի գալիս է այս նիստերին ու չի հասկանում՝ ինչում է ինքը մեղավոր։
«Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, ամենահետաքրքիրն այն է, որ նրանք, ովքեր մեղավոր են դրանում, ասում են նրանց (նկատի ունի մեղադրող դատախազներին-հեղ.), որ մեզ բանտ նստեցնեն, ինչպե՞ս կարող է սա չվրդովվեցնել, հարգելի կամ ոչ հարգելի դատախազներ, դուք դավաճանների աջակիցն եք », - ասաց Խաչատուրովը։
Ավելի վաղ միջադեպ տեղի ունեցավ դատական նիստին. իրար մեղադրեցին Շուշին հանձնելու համար։