.jpg)
Հայաստանի համար թուրք-ադրբեջանական զորավարժությունը բավականին վտանգներ է իր մեջ պարունակում. Արտակ Զաքարյան
Այսօրվանից մեկնարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ՝ «Ձմեռ -2021» զորավարժությունները։ Դրանք կանցկացվեն Կարսում՝ մինչև փետրվարի 12-ը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը պնդում է՝ Հայաստանը չպետք է «մատների արանքով» նայի այս զորավարժությանը։
Ըստ նրա՝ այս զորավարժությունները վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններն են։
«Զորավարժություններին մասնակցելու են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի և թուրքական երրորդ բանակի ստորաբաժանումներ: Մասնավորապես, տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարներ, հատուկ նշանակության ուժեր և ավիացիա: Նախատեսվում է փորձարկել հարձակողական, դեսանտա-գրոհային, օդուժի հարվածային աջակցության, ինչպես նաև՝ ռազմա-տրանսպորտային և նյութա-տեխնիկական ապահովման համատեղ գործողություններ», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը։
Նա նշեց, որ զորավարժությունները, որպես կանոն, ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն:
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար թուրք-ադրբեջանական այս զորավարժությունը բավականին վտանգներ է իր մեջ պարունակում։
«Հաշվի առնելով Թուրքիայի ռազմական, քաղաքական ակտիվացումը տարածաշրջանում՝ մատների արանքով պետք չէ նայել, մենք տեսանք՝ այս իշխանությունները մատների արանքով նայեցին Թուրքիայի գործողություններին ու ինչ ունեցանք Արցախում», - ասաց Զաքարյանը՝ ընդգծելով, թե Հայաստանը պարտավոր է շատ ակտիվ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը հասցնի ամենաբարձր մակարդակի։
«Հայաստանը պետք է անցկացնի հայ-ռուսական համատեղ զորավարժություններ Սյունիքում, Նախիջևանի սահմանամերձ հատվածներում, նաև՝ Գյումրու հատվածում ու զորավարժությունները պետք է ունենան կոնկրետ թիրախավորված գործուղություններ՝ ի հակակշիռ այս զորավարժությունների», - ասաց Զաքարյանը։
Հարցին՝ Ռուսաստանը կարո՞ղ է զսպող օղակ հանդիսանալ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որպեսզի զերծ մնան սադրանքներից, նախկին փոխնախարարն ասաց, թե հայ-ռուսական համատեղ պայմանագրերն աշխատում են։
«Հայաստանի անվտանգությունը ևս Ռուսաստանի դաշնության համար հանդիսանում է անվտանգային գոտի, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կարսի հատվածում առաջին անգամ է, որ ձմեռային պայմաններում են տեղի ունենում։ Դատելով տեղանքից, դատելով զորավարժության հիմնական խնդիրներից, այո, առաջնային թիրախներից մեկը, որպես պայմանական հակառակորդ, պետք է դիտարկել ՀՀ սահմանները, հատկապես, Սյունիքի հատվածը», - հավելեց Արտակ Զաքարյանը։