10/02/2021 13:53
Ռուդենկո. Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը Ղարաբաղի հարցով պետք է շարունակվի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք ելնում ենք այն բանից, որ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի: Նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների Ադրբեջան վերադառնալուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը», - ասել է նա:
Փոխնախարարի խոսքով՝ համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թ.) որոշումների համաձայն, վստահված է Մինսկի խմբի համանախագահներին, շարունակում է պահանջված մնալ:
«Եռյակը ունի միջազգային ուժեղ աջակցություն և կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի հետագա քայլերի մոտեցումների մշակման համար՝ ներառյալ կարգավիճակակային հարցերի: Բայց ուշադիր, առանց շտապելու, երբ ժամանակը գա», - ընդգծել է նա:
Փոխնախարարի խոսքով՝ այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման միջոցառումների գործում:
«Քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու համար հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը», - հավելել է Ռուդենկոն: