Ռուսաց լեզուն կարող է երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ ստանալ Արցախում. Նախագիծը խորհրդարանում է
17/02/2021 10:02

Ռուսաց լեզուն կարող է երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ ստանալ Արցախում. Նախագիծը խորհրդարանում է

Արցախի խորհրդարանը կքննարկի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ենթադրում է, որ ռուսաց լեզուն կդառնա երկրորդ պաշոնական ​​լեզուն:
 
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը:
 
Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:

Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»։