«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել». Արա Սաղաթելյանի աջակիցները գրքեր «նվիրեցին» ԱԱԾ-ին (Տեսանյութ)
23/02/2021 15:40

«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել». Արա Սաղաթելյանի աջակիցները գրքեր «նվիրեցին» ԱԱԾ-ին (Տեսանյութ)

Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է:

«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել, Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր հանցագործության մեջ նրան մեղադրել», - լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նրանք իրենց հետ գրքեր էին բերել ԱԱԾ, որոնք վերաբերում են հայատյացությանն Ադրբեջանում, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»: 

Փորձագետ Մարինա Գրիգորյանն էլ բերել էր գրքեր ու բուկլետներ, որոնք ներկայացնում են Ադրբեջանում տանջաահ արված հայ գերիներին:

Մասնագետները գրքերը տեղավորեցին ԱԱԾ շենքի աստիճաններին: 

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն այնուհետև ազատ են արձակվելԱրամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։
 

ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։

Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել». Արա Սաղաթելյանի աջակիցները գրքեր «նվիրեցին» ԱԱԾ-ին (Տեսանյութ)