25/02/2021 12:22
Ծառայողական քննության ընթացքում կհայտնաբերվի՝ դիտավորություն եղե՞լ է, թե՞ ոչ. Հակոբ Արշակյանը՝ Աբու Դաբիի ձախողված ցուցահանդեսի մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վստահեցնում է՝ Աբու Դաբիում ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին հայաստանյան տաղավարն այս պահին լավագույններից է։
«Այո, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով տեղում են, որոշների մեծ մասի հետ խնդիր ենք ունեցել, դա տարբեր պատճառներ ունի, ծառայողական քննության ընթացքում կհայտնաբերվի՝ դիտավորություն եղե՞լ է, թե՞ ոչ»,-կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արշակյանը։
Նախարարն ասաց, թե արդեն իսկ կան ձեռք բերված նախնական պայմանավորվածություններ ու մեծ աշխատանք է տարվում, որպեսզի մարտի վերջին Հայաստանում «ԱրմՀայԹեք » ցուցահանդեսին պատշաճ մասնակցություն լինի։
«Կարող եմ ասել, որ մեր պաշտոնական գործընկերների մոտ բավականին խանդավառություն կա»,-ասաց նա։
Արշակյանն ընդունեց, որ այս հարցում նաև իր բացթողումն էլ կա։
«Ես չեմ խուսափում որևէ պատասխանատվությունից, եթե ինչ-որ միջոցառում կա, որի շրջանակներում եղել է բացթողում ու դա մեր նախարարությանն է վերաբերում, ընդունում եմ»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Նշենք՝ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որտեղ Հայաստանի մասնակցության ձևաչափի հետ կապված ու ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված խնդիրներ էին առաջացել:
Նա ասաց, թե այդ կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակել ու պատասխանատուները կպատժվեն։