Կրեմլում բավարարված են հայտարարությունից, որ Փաշինյանը եկել է այն եզրակացության՝ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» վերաբերյալ
01/03/2021 14:24

Կրեմլում բավարարված են հայտարարությունից, որ Փաշինյանը եկել է այն եզրակացության՝ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» վերաբերյալ

Կրեմլում բավարարված են Երևանից ստացված այն հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, թե իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնվել է», - ասել է Պեսկովը:

Ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի անզգույշ խոսքերից հետո Հայաստանում քաղաքական ճգնաժամ է սկսվել:

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։

«Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը», - ասել էր Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։

«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», - հայտարարել էր Փաշինյանը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն այս թեմայի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ընդգծելով, որ «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում չեն օգտագործվել։

«Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել», - նշել էին ՌԴ ՊՆ-ից։

Կրեմլում բավարարված են հայտարարությունից, որ Փաշինյանը եկել է այն եզրակացության՝ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» վերաբերյալ