03/03/2021 13:13
Microsoft-ը չինական հաքերներին մեղադրել է ԱՄՆ գերատեսչությունների վրա հարձակման համար
Microsoft ընկերությունը հայտարարել է անհայտ զրոյական օրվա խոցելիության հայտնաբերման մասին, որոնք Չինաստանից «կառավարության կողմից աջակցվող» հակերներն օգտագործել են Microsoft Exchange Server-ի տեղական տարբերակների վրա հարձակման համար՝ Միացյալ Նահանգների տարբեր գերատեսչություններից տեղեկություններ ստանալու համար:
Զրոյական օրվա խոցելիությունը նախկինում անհայտ ծրագրակազմի սխալ է, որը թույլ է տալիս թաքնված վնասակար գործողություններ իրականացնել:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ «բարձր հմուտ և բարդ» հաքերային խումբը, որը Microsoft-ն անվանում է Hafnium, գործում է Չինաստանից: Նշվում է, որ դրա գործողություններն ուղղված են Միացյալ Նահանգների հաստատությունների դեմ՝ տեղեկատվություն ստանալու վարակիչ հիվանդությունների հետազոտողներից, իրավաբանական ընկերություններից, համալսարաններից, պաշտպանական կապալառուներից, վերլուծական կենտրոններից և հասարակական կազմակերպություններից:
«Hafnium-ը վերջերս ներգրավված է եղել մի շարք հարձակումների՝ նախկինում անհայտ խոցելիության օգտագործմամբ: Այն թիրախավորում է Exchange Server ծրագրային ապահովումը», ասվում է ընկերության կայքում: