03/03/2021 15:33
«Վնգստացող դատավորների» վերաբերյալ իմ հայտարարությունը համաձայնեցված չէ ԲԴԽ անդամների հետ. Վարդազարյան (Տեսանյութ)
Ազգային ժողովում երկրորդ օրն է արդեն, ինչ իմքայլական պատգամավորները տարբեր ձևակերպումներով նույն հարցն են տալիս ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ ինչո՞ւ է արել «վնգստացող դատավորների» վերաբերյալ՝ նոյեմբերի 15-ի իր հայտարարությունը։
«Հայտարարությունն արել եմ ու ներկայացրել եմ իմ անձնական կարծիքը՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Ոչ մի կերպ չեմ փորձում արդարանալ, ասում եմ, որ այո՛, դա ԲԴԽ նախագահի հայտարարությունն է և այն համաձայնեցված չէ ԲԴԽ անդամների հետ», - խորհրդարանում այսօր ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա նշեց նաև, եթե խախտել է օրենքը, ապա պատրաստ է կրել պատասխանատվություն։
Հիշեցնենք՝ երեկ էլ խորհրդարանում ԲԴԽ նախագահը մի քանի անգամ պատասխանել էր հարցին, թե ինչո՞ւ է արել նոյեմբերի 15-ի իր հայտարարությունը։
«Գտնում եմ, որ այդ օրերին, երբ կրքերը բորբոքված էին, ես պարտավոր էի դատավորներին նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականացվեն և սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են», - ասել էր նա։
Վարդազարյանը նշել էր, որ օգտագործել է «վնգստացող դատավորներ» բառակապակցությունը, հաշվի առնելով, որ մեկուկես տարի շարունակ ամբողջ դատական համակարգն ալեկոծված էր այդ հարցադրումով.
«Ունե՞նք, թե՞ չունենք վնգստացող դատավորներ։ Ինձ բազմաթիվ դատավորներ այդ հարցը տվել են։ Ես գտնում եմ, որ մեկընդմիշտ պետք է պատասխան տրվի, այսօր էլ է այդ հարցն օրհասական, և մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ։ Ամեն ինչ պետք է անենք, որ այդ հարցն օրակարգից դուրս գա»։