09/03/2021 12:27
Պատերազմում զոհված ևս 121 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է 2021թ. մարտի 09-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։
Այսպես, «Կամուրջ» ծրագրով հատուցվել է 1133 շահառու, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:
Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ևս 121 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել։ Այսպիսով, ընդհանուր հատուցումների թիվը` 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի հետևանքով:
Նշենք, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: