17/03/2021 13:25
Կառավարության ներկայացուցիչը փորձում է ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է. Ալեն Սիմոնյան
ԱԺ իմքայլական պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագծում փոփոխություն կատարել և նվազեցնել վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորն առաջարկեց երկրորդ ընթերցմամբ քննարկմանը վիրավորանքի համար փոխհատուցման չափ սահմանել 3 մլն դրամը, իսկ զրպարտության համար՝ 6 մլն դրամը:
Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Վահե Դանիլեյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է նվազեցնել վերին շեմը։
«Առաջարկում ենք այսչափ բարձր չսահմանել, սահմանափակվել վիրավորանքի դեպքում մինչև 2 մլն դրամով, և զրպարտության դեպքում՝ մինչև 3 մլն դրամ գումարով։ Առաջարկը պնդում ենք։ Կարծում ենք, որ եթե տպավորություն է ստեղծվում, որ այդ բարձր չափեր սահմանելուց հետո վիրավորանք և զրպարտություն չի լինելու և առկա խնդիրները լուծվելու են, չեն լուծվելու», - ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
«Եթե չի փոխելու, ինչու եք 2 մլն դրամը շեմ առաջարկում, ասեք՝ համաձայն չենք։ Խնդրում եմ՝ եկեք ժամավաճառությամբ չզբաղվենք։ Կառավարության ներկայացուցիչը փորձում է այստեղ ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է, որ զրպարտությունը խոսքի ազատություն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանում վիրավորանքը և զրպարտությունը նույնիսկ պետք է քրեականացնել, իսկ մենք, չգիտեմ, նստել ենք, չգիտեմ, ինչով ենք զբաղված։ Այս շեմը համարում եմ նվազագույն զիջումը, որ պետք է լինի ՀՀ-ում», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Կառավարության ներկայացրած առաջարկը չընդունվեց։ Ալեն Սիմոնյանի կողմից լրամշակված նախագիծը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն: