.jpg)
22/03/2021 14:47
Կառավարությունը և ԱԺ-ն երկրորդական օրենքների փոփոխություններով են զբաղված, դա կերակրելո՞ւ է ժողովրդին. օրակարգեր պետք է փոխվեն. Գործատուների միության նախագահ
Երկրում սոցիալ-տնտեսական վիճակը սրվել ու խորանում է մի քանի երևույթներով պայմանավորված, և կառավարությունը, որպես բոլոր պետական մարմինների գլուխ, պետք է ավելի ակտուալ խնդիրներ դնի և արագ լուծման ռեժիմով առաջնորդվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Գործունեության ձևերը պետք է համահունչ լինեն ֆորսմաժորային վիճակներին, եթե գործողությունների պլանն ու արդյունավետությունը ֆորսմաժորին չի արձագանքում, միշտ կարող է լինել ավելի ցածր արդյունավետությամբ և էական ազդեցություն չառաջացնի տնտեսության մեջ», - ասաց Գագիկ Մակարյանը։
Տնտեսագետը նշեց խնդիրներից մի քանիսը.
«1. Կորոնավիրուսը որոշակի չափով խորացրեց գործազրկությունը, բիզնեսի տեսակներ փակվեցին։
2. Պատերազմը գեներացրեց կորուստներ, հազարավոր ֆիզիկապես առողջ և աշխատուժի պոտենցիալ ունեցող տղամարդիկ զոհվեցին կամ դարձան հաշմանդամ և վիրավոր։ Այնպես չէ, որ կրթության կոճակը կսեղմենք և վաղն այդ կադրերին բաց կթողնեն։ Այդ դեֆիցիտը մենք երկար ժամանակ չենք կարողանա լրացնել այսպիսի տեմպերով։ Գործատուների մոտ կընկնի արտադրողականությունը, ստիպված թերարտադրողականությամբ արտահայտված վիճակում կհայտնվեն։ Առանց այդ էլ մենք տարիքային ցենզի խնդիր ունենք և ուզում էինք, որ երիտասարդ աշխատուժ մտնի շուկա, բայց պետք է հաշվի առնենք, որ մեր կորուսների մեծ մասը հենց երիտասարդներն են:
3. Նվազել է գնողունակությունը հենց այն պատճառով, որ ընտանիքներն իրենց կերակրողներին են կորցրել կամ այլ դժվարությունները հաղթահարելու վրա են գումար ծախսել (քովիդի բուժում և այլն)։
4. Գնաճի հետևանքով նույն աշխատավարձն այլևս նույն գնողունակությունը չի ապահովում։ Հետևաբար, պետությունը պետք է փորձի կա՛մ սոցիալական ապահովության ծրագրերով համապատասխան ընտանիքներին աջակցելու մեխանիզմները գործարկի, կա՛մ գործարար միջավայրը հեշտացնի՝ բիզնեսին ավելի ազատ շունչ քաշելու հնարավորություն ստեղծելով։
5. Դոլարի արժևորումը բերեց գնաճի, քովիդի պատճառով ամբողջ աշխարհում արտադրողականությունն ընկել է, դոլարի և եվրոյի թանկացման պատճառով աշխարհում տրանսպորտային փոխադրումներն են թանկացել։ Այս բոլոր գործոնները բերել են գնաճի։
6. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կան թերմշակման խնդիրներ, թերբերքահավաքներ»։
Առկա բոլոր խնդիրները, Մակարյանի կարծիքով, պետք է փոխեն կառավարության օրակարգերը։
«Կառավարությունը և Ազգային ժողովը չպետք է ժամեր շարունակ կռվեն, ինչ-որ երկրորդական օրենքների փոփոխություններ անեն, որոնք իրենց թվում է՝ կարևոր են։ Օրինակ՝ դատական համակարգի փոփոխությունը, ես դա չեմ թերագնահատում, բայց այդ համակարգերի փոփոխությունները կերակրելո՞ւ են ժողովրդին, թե՝ ոչ։ Խնդիրը պետք է այսպես դնել։ Պետք է կենտրոնանալ և ժամանակը ծախսել հրատապ հարցերից բաղկացած օրակարգերի վրա», - ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին՝ Մակարյանն ասաց, որ ՌԴ-ի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ-ի ղեկավարը «մեսիջ» ուղարկվեց, դա աշխարհում որոշակի տատանումներ առաջացրեց, մինչդեռ ՌԴ նախագահին պաշտպանող միակ երկիրը Թուրքիան եղավ, որովհետև իրենք դիվանագիտական և քաղաքական լայն մտածելակերպով հասկացան, որ այս պահին դա է ճիշտը.
«Հայաստանը դա չարեց, մտածելով, թե դա ԱՄՆ-ին դուր չի գա։ Բայց Հայաստանի համար շատ հարմար պլատֆորմ կա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն։ Եթե այդ տեսանկյունից խոսեր Հայաստանը, իրեն ոչ ոք չէր մեղադրի։ Մենք դարձյալ տեսանք, որ թուրքերն ունեն ավելի լավ դիվանագիտություն, քան մենք։ Մենք մեր դիվանագիտական կարծիքը չարտահայտեցինք մեր գործընկեր պետության նկատմամբ, այդտեղ ԱՄՆ-ի «աչքից ընկնելու» ոչ մի պատճառ չկար»։
Իսկ ինչ վերաբերում է գործատուների խնդիրներին, միության նախագահն ասաց՝ դրանք քիչ չեն։
«Գործատուներն այսօր մի շարք խնդիրներ ունեն, դրանցից մեկը պետության անվտանգության հարցն է։ Իրենք շատ են մտածում ներդրումներ կատարել-չկատարելու մասին։ Բիզնեսի հասցեին «գցվող քարերն» անընդհատ վտանգներ ու ռիսկեր են առաջացնում, հոգեբանորեն լարվածություն է առաջանում։ Բիզնեսը գնահատելու կարիք կա հիմա։ Այս դժվարին իրավիճակում բիզնեսն իր ուսերին շատ բան տարավ, մնաց հարկատու, պատերազմի ժամանակ բոլորը փորձեցին ժամացույցի պես հարկեր վճարել։ Գործատուներին պետք է ջերմ խոսքեր ասել, ոչ թե անընդհատ «քարեր գցել» տարբեր ուղղություններով։ Հիմա էլ ընտրությունների հարց բարձրացավ։ Ամեն անգամ ընտրություններն ազդում են գործատուների վրա, այնպես չի, որ նրանք անտարբեր են, որովհետև չգիտեն, թե քաղաքական ինչ փոփոխություններ կլինեն, ինչպիսի նոր իրավիճակներում կհայտնվեն»։