.jpg)
22/04/2021 23:35
Ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է. «Հայրենիք»
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող դավաճանական վարչախմբի անօրեն և բռնի վերջին գործողությունները, ասված է «Հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ։
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը։ Վերահաստատելով օր առաջ իշխանություններին հեռացնելու մեր նպատակը, հայտարարում ենք, որ դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը և կրում է ընթացիկ ու հետագա իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը», - նշված է հայտարարության մեջ։
Կուսակցությունը, խստորեն դատապարտելով խոշտանգումները և ապօրինի ձերբակալությունները, պահանջում է անհապաղ ազատ արձակել անօրինականորեն ազատազրկված անձանց։
«Մեկ անգամ ևս փաստում ենք, որ ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է», - նշված է հայտարարության մեջ։