24/04/2021 14:30
Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին արտահերթ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը: Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին: