Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ճանապարհ կհարթի. ՀՀ ԱԳ նախարար
27/04/2021 16:17

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ճանապարհ կհարթի. ՀՀ ԱԳ նախարար

«BBC Weekend» ծրագրին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
 

«Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն՝ անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից: Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը և Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին՝ Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օրաերկրյա զինյալ ահաբեկիչների:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար: Այն նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
 
Կարծում եմ, որ սա հիմք է ստեղծում Թուրքիայի հասարակության համար՝ առերեսվելու պատմության էջերին։ Այն նաև դրդում է հասարակությանը հարցեր բարձրաձայնել իրենց պատմության ողբերգական էջերի մասին: Կարծում եմ՝ դա նաև հող կստեղծի երկու հարևան երկրների միջև երկխոսության համար: Երկու հարևան երկրների միջև ստեղծվել էր անջրպետ, և կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար», - ասել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ճանապարհ կհարթի. ՀՀ ԱԳ նախարար