30/04/2021 22:46
«Օգնեք նրան». Սերժ Սարգսյանը պատմել է, թե իր հրաժարականի տեքստից որ նախադասություններն է Կարեն Կարապետյանը խնդրել հեռացնել
Երբ ես Կարեն Կարապետյանին առաջարկեցի ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը 2016 թվականին, մենք, բնական է, այդ առաջարկության հետ միասին ունեցել ենք նաև խոսակցություն, որի ընթացքում ես Կարեն Կարապետյանին ասել եմ՝ եթե վարչապետի պաշտոնում ինքն իրեն դրսևորի լավ, ապա իմ համոզմամբ ինքը պետք է հանդիսանա իմ իրավահաջորդը` առանց որևէ ժամկետ նշելու, այս մասին իր հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչպես հայտնի է, 2016 թվականին նա ստանձնեց վարչապետի պարտականությունները, ես տեսա նրա լավ աշխատանքը, արդյունքներն արդեն երևում էին և 2017 թվականին այդ արդյունքները շատ-շատ ավելի տեսանելի էին, ու ես վստահ էի, որ Հայաստանն ունենալու է լավ տնտեսական զարգացում, որ մեր գործերը, ինչպես ասում են, լավ են ընթանալու», - ասել է նա
Սարգսյանը նշել է, որ առաջին խոսակցությունը Կարեն Կարապետյանի հետ ունեցել են 2017 թվականի կա՛մ ամռան վերջին, կա՛մ աշնան սկզբին. «շատ պարզ, անկեղծ խոսակցություն էր»:
«Մենք քայլում էինք կառավարական ամառանոցում և խոսում էինք այդ մասին: Ես ուղղակի Կարեն Կարապետյանին ասացի հետևյալը՝ Կարե՛ն, արդեն որոշում ընդունելու ժամկետն է, որովհետև մի քանի ամիս հետո նախագահի իմ լիազորություններն ավարտվում են: Պատրա՞ստ ես, արդյոք, ստանձնելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը: Նա ասաց՝ իսկ դո՞ւ ինչ ես կարծում, ես ասացի հետևյալը. «Ես համոզված եմ, որ եթե փոխվեն գլխավոր բանակցողները Լեռնային Ղարաբաղի խնդրում, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել: Ինչո՞ւ, որովհետև շատ պարզ է: Մենք տասը տարի աշխատել ենք այդ ուղղությամբ, և տասը տարվա մեջ մեր դիրքորոշումները կամ ավելի ճիշտ՝ համանախագահների դիրքորոշումները, էապես չեն տարբերվել մեր դիրքորոշումներից, և մենք եղել ենք կառուցողական կողմը, Ադրբեջանը եղել է ապակառուցողական կողմը: Եվ սա նաև որոշակի քաղաքականության արդյունք էր: Ասացի` ես կարծում եմ, եթե քեզ դա որևէ կերպ չի նեղացնի, մենք շարունակենք որոշակի ժամանակ՝ սահմանափակ ժամանակ, աշխատել այսպես՝ ես վարչապետի պաշտոնում, դու՝ փոխվարչապետի, էլի դու անմիջականորեն զբաղվելու ես տնտեսությամբ, քո խնդիրներով, նվազ միջամտությամբ, ինչպես եղել է, ես փորձեմ իմ ասած խնդիրները բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք մեծ պրոբլեմներ: Նա ասաց` միանշանակ այդպես ճիշտ է», - ասել է ՀՀ երրորդ նախագահը։
«Երբ ես ունեի, իմ կարծիքով, վերջնական տեքստ, այսինքն, առանց բացատրելու, թե ինչ է նշանակում «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ես իմ հրաժարականի տեքստը ցույց եմ տվել Կարեն Կարապետյանին, բնականաբար, որովհետև ես, իրոք, իրենից հարցրել եմ՝ ինքը պատրա՞ստ է ստանձնել այդ պարտականությունները, ինքն ասել է՝ այո, ինչը, կրկնում եմ, ես բարձր եմ գնահատում: Նա նայեց հրաժարականի տեքստը և խնդրեց, առաջարկեց հանել մի նախադասություն և մի պարբերություն: Ես համաձայնեցի: Այսինքն, երբ ես հրաժարականի տեքստում գրել էի, որ փողոցի շարժումը իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը, կար այսպիսի մի նախադասություն. «Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռքբերված երկխոսելու պայմանավորվածությունը», այնուհետև շարունակել եմ. «Կարեն Կարապետյանը լավ առաջնորդ է, նա մեկն է ձեզնից, սիրելի՛ ցուցարարներ և սիրելի՛ ոչ ցուցարարներ, նա մարմնավորումն է փորձի և ապագայի: Օգնեք նրան»: Եվ քանի որ ինքը պետք է ինձ փոխարիներ և ցանկություն չուներ, որ սա լիներ իմ հրաժարականի տեքստում, ես հանեցի այդ նախադասությունը և պարբերությունը: Այնուհետև, մենք, ինչպես ասացի, գնացինք խորհրդակցության, որտեղից Կարեն Կարապետյանը գնաց այդ հանդիպմանը: Այնպես, որ...», - պատմել է Սարգսյանը։
Նա ասել է, որ Կարեն Կարապետյանին շատ վաղուց է ճանաչում, իրենց համատեղ աշխատանքի ընթացքում Կարապետյանն իրեն դրսևորել է որպես կարգին մարդ:
«Իսկ որ հենց նշանակման առաջին իսկ օրից մի քանի շրջանակներ փորձում էին մեր միջև ինչ-որ անհասկացողության մթնոլորտ ստեղծել, դա ակնհայտ է: Մինչև հիմա էլ շարունակվում է: Օրինակ, իմ հարցազրույցից հետո, երբ ասացի, որ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին, չգիտես ինչու շատ մարդիկ սկսեցին խոսել, որ ես այս իշխանափոխությունը, ինչպես ասում են, գցում եմ Կարեն Կարապետյանի գրպանը: Ոչ, բոլորովին ոչ: Ինձ համար շատ պարզ և հասկանալի էր` մի բան էր, երբ իմ հրաժարականից անմիջապես հետո խորհրդարանում ընտրվեր Կարեն Կարապետյանը, միգուցե, չէր լինի Հայաստանում այսպիսի իշխանափոխություն, թեև ես կասկածում եմ դրանում, բայց մի ուրիշ բան է, երբ որ դու հրաժարական ես տալիս փողոցի ճնշման արդյունքում և իշխանությունը փոխանցում ես մեկ ուրիշին, այսինքն՝ Կարեն Կարապետյանին: Եվ նա էլ ուներ այն նույն պրոբլեմները, այն նույն մտավախությունները, ինչպիսի մտավախություններ ես ունեի: Այսինքն՝ ո՞րն էր այն գործողությունը, որ պետք է հանդարտություն բերեր փողոցին: Եվ շատ ակնհայտ է, որ պարզվեց՝ այդ փողոցի շարժումը, ինչպես ասում են, միայն իմ դեմ չէր՝ մեր իշխանության դեմ էր ամբողջական: Հիշո՞ւմ եք չէ, դրանից հետո, որ նա հնչեցրեց՝ եթե ես չդառնամ վարչապետ, ապա Հայաստանը վարչապետ չի ունենա: Երբ Կարեն Կարապետյանը համաձայնեց փոխարինել ինձ, նա ևս երևի չէր կարծում, որ այդ ամբողջ շարժումը մեր բոլորի դեմ է», - նշել է Սերժ Սարգսյանը։