05/05/2021 14:41
Կառավարության մանկական կամակորությունը և կրթության նախարարի սուտը. ԵՊՀ-ում տարակուսած են կառավարության որոշումից
ԵՊՀ-ում, մեղմ ասած, բոլորը տարակուսած են կառավարության որոշումից, որովհետև այն ընդունվել է հապշտապ, ժամկետից շուտ, սա նշանակում է, որ կառավարությունը ձեռք ու ոտք ընկած փորձում է խլել բուհական ինքնավարությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
«Փաստորեն, կառավարությունը չի սպասում ՍԴ-ի որոշմանը և փորձում է կառավարության որոշմամբ փոխել բուհերի կառավարման կարգը։ Ենթադրությունները, որ իրենց հետաքրքրում է միայն քաղաքական իշխանության բացարձակ վերահսկողությունը բուհերի նկատմամբ, հաստատվեց և մեկ անգամ ևս պարզվեց, որ կրթության պատասխանատուները սուտ են խոսում», - ասաց Գևորգ Էմին-Տերյանը։
Նշենք, որ երեկ կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ այդմ՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, 10 տոկոսը՝ ԿԳՄՍՆ-ն, 10 տոկոսը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսն էլ՝ ուսանողական կազմը։
«Տարակուսելի է, որ, փաստորեն, հերթական անգամ Վահրամ Դումանյանի սուտն է բացահայտվում, որովհետև ինքը և իր տեղակալները խոսում էին, որ բնավ պետք չէ ուշադրություն դարձնել այդ կառավարման խորհուրդների ձևավորման կարգին, համամասնություններին, իբրև թե օրենքը լրիվ այլ բաների մասին է, շատ ավելի կարևոր դրույթներ ունի և այլն», - ասաց մամուլի խոսնակը։
Նրա խոսքով՝ այժմ բուհում որոշակի գործընթացներ են տեղի ունենում։
«Ենթադրում եմ, որ կառավարության որոշումը կվիճարկվի դատարանում։ Խախտվում է համալսարանի իրավունքը, համալսարանի ձայներն այդ խորհրդում 25 տոկոսից դառնում են 10 տոկոս, վարչապետի և կրթության նախարարի լիազորություններն աճում են ի հաշիվ համալսարանի ձայների, սա հակասահմանադրական է և ոտնահարում է համալսարանի իրավունքները», - նշեց նա:
Գևորգ Էմին-Տերյանի բնութագրմամբ՝ կառավարության պահվածքը մանկական կամակորություն է։
«Կառավարության պահվածքը շատ նման է փոքրիկ երեխայի հետ շախմատ խաղալուն, երբ խաղի ընթացքում հայտնաբերում ես, որ քո թագուհին խաղատախտակի վրա չէ, ու երեխան ոչ թե դա դրել է կերված խաղաքարերի մեջ, այլ՝ իր գրպանում։ Չկարողանալով նպաստել բուհերի նոռմալ կենսագործունեությանը, կառավարությունն անընդատ խաղի կանոններ է փոխում, որ անպայման իր ուզածով լինի։ Սա մանկական կամակորություն է», նշեց նա։