12/05/2021 14:28
Պետության ամենանեղ մասում Ադրբեջանը փորձում է մեկ հարվածով Հայաստանը երկու մասի բաժանել և տիրանալ Սյունիքին. Նաիրի Հոխիկյան
Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին առաջխաղացում է արել՝ օգտվելով նրանից, որ հայկական կողմը ձյան պատճառով չի պահպանել դիրքերը, ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ հիմա Ադրբեջանի զորքը կանգնած է ՀՀ պետական սահմանից ներս։
Թուրքագետը հարցեր է բարձրացրել՝ ի՞նչ արդարացում ունի ՀՀ քաղաքական իշխանությունը, գուցե դա՞ էլ է նախկինների մեղքով։
«Որպես ծանոթացում՝ ասեմ, որ Սիսիանի հատվածը ՀՀ աքիլլեսյան գարշապարն է, պետության ամենանեղ մասը, որը թշնամին փորձում է ավելի նեղացնել՝ հարմար առիթի դեպքում մեկ հարվածով ՀՀ-ն երկու մասի բաժանելու և Սյունիքին տիրանալու համար։ Հիմա երևի էլի ինձ կմեղադրեն մեր թույլ կողմերը թշնամուն հայտնելու համար։ Փակ քննարկումներում բազմիցս զգուշացրել եմ այս անմեղսունակներին, բայց այլևս չեմ կարող հրապարակային չասել, որ մեր իշխանության հիմար և անլուրջ քայլերի պատճառով Սյունիքը և Արցախը ամբողջությամբ կարող են անջատվել ՀՀ-ից», - նշել է Հոխիկյանը: