14/05/2021 20:38
«Մենք անպայման հաղթելու ենք». Քաղաքագետ Հայկ Խալաթյանը «Հայաստան» դաշինքով կմասնակցի ընտրություններին
Քաղաքագետ Հայկ Խալաթյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանից առաջարկ է ստացել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Հայաստան» դաշինքի անդամ:
«Հաշվի առնելով, որ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ իմ տեսակետները համընկնում են «Վերածնվող Հայաստան»-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի տեսակետների հետ, ես ընդունեցի այս առաջարկը: Իմ կարծիքով՝ Հայաստանն այժմ կանգնած է երկու գերխնդիրի առջև. ապահովել երկրի անվտանգությունը ՝ վերականգնելով հայկական բանակի մարտական պատրաստվածությունը, ամրապնդել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ներդրումներ ներգրավել՝ Հայաստանի տնտեսության զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Խալաթյանը։
Քաղաքագետը նշել է, թե նախընտրական մրցապայքարի բոլոր մասնակիցներից Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է, որ կարող է ամենաօպտիմալ կերպով լուծել այդ խնդիրները:
«Պետք է նշեմ, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է մեր երկրին պատուհասած աղետից հետո և իր առջև խնդիր է դրել դուրս հանել Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մեղքով ստեղծված այն փոսից, որում հայտնվել է: Նույն պատճառները դրդեցին ինձ ընդունել «Վերածնվող Հայաստանի» առաջարկը:
Այս ընտրությունները շատ բարդ են լինելու, բայց մենք անպայման հաղթելու ենք: Սրանից է կախված Հայաստանի ապագան», - նշել է Հայկ Խալաթյանը։