Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակում համարժեք արձագանք. ԱԽ քարտուղարը զրուցել է Տաջիկստանի ԱԽ քարտուղարի հետ
15/05/2021 18:55

Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակում համարժեք արձագանք. ԱԽ քարտուղարը զրուցել է Տաջիկստանի ԱԽ քարտուղարի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հետ, տեղեկացնում է Գրիգորյաննն իր ֆեյսբուքյան էջում։

«Խոսակցության սկզբում շնորհավորեցի Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ:

Այնուհետև իմ տաջիկ գործընկերոջը ներկայացրեցի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:

Կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորեցի Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն ու իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար:

Ներկայացնելով ստեղծված իրավիճակը շեշտեցի, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:

Քննարկեցինք ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը:

Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատեց հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:

Նասրուլլո Մախմուդզոդան կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը՝ պատրաստակամություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ՝ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:

Ստեղծված իրավիճակի համատեքստում կարևորեցինք մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը», - գրել է Գրիգորյանը։

Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակում համարժեք արձագանք. ԱԽ քարտուղարը զրուցել է Տաջիկստանի ԱԽ քարտուղարի հետ