20/05/2021 20:30
«Ընտրությանը մեկ ամիս է մնացել. իշխանությունները փորձում են արագ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել». Վանեցյանը կոչ է անում փողոց դուրս գալ (Տեսանյութ)
Եկանք, հասանք այն ծուղակին, որը կոչվում է արտահերթ ընտրություն, կառավարության մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Մեկ ամիս է մնացել: Այս իշխանությունները փորձում են արագ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչ-որ ստորագրություններ դնել փաստաթղթերի տակ, որոնց հրապարակված մասը ես համարում եմ իրականությանը չհամապատասխանող: Մեր համոզմամբ, կա նաև քողարկված, գաղտնի մաս», - նշեց Վանեցյանը:
Նա նաև բարձրաձայնեց, որ ավելի քան 6 ամիս խոսվում է ՀՀ սուվերեն տարածքից, տարբեր գնահատակններով, շուրջ 7-8 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին:
«Այս բանակցությունները վարելու է մի իշխանություն, որը նոյմեբրի 9-ին ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Այսօր էլի փաստաթուղթ է հայտնվել, որը էլի ստորագրվելու է, որի մասին ԱԳՆ ներկայացուցիչն ասում է, որ նախարարությունում տեղյակ չեն», - նկատեց նա:
Արթուր Վանեցյանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց: Ըստ նրա՝ առաջին խնդիրն իշխանությանը իշխանությունից քշելն է, այնուհետև պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որը պետք է բաղկացած լինի բացառապես ազգային ու պետական մտածելակերպով գործիչներից:
Հետո արդեն որոշ ժամանակ անց անցկացնել ընտրություններ, և ժողովուրդը որոշի՝ ով է ղեկավարելու երկիրը: