«Իմ բացթողումն է եղել». Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում անհետ կորած զինվորների հարազատներից
01/06/2021 10:18

«Իմ բացթողումն է եղել». Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում անհետ կորած զինվորների հարազատներից

ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրում անհետ կորած զինվորների հարազատներից։

«Երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:

Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:

Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի պաշտոնակատարը։

Նա վստահեցրել է, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փորձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

«Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին», - հավելել է նախարարի պաշտոնակատարը։