Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում. ՄԻՊ
08/06/2021 11:36

Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում. ՄԻՊ

ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում, ֆեյսբուքում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
 
«Դրա համար էլ կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում:
 
Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ պայմանավորված պատերազմի հետևանքներով և ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում:
 
Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապտիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում:
 
Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են:
 
Չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը», - գրել է Թաթոյանը։
Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում. ՄԻՊ