Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ստեղծված իրավիճակի, դրանց դրդապատճառների և հետևանքների մասով անբովանդակ են. Տիգրան Աբրահամյան
20/07/2021 10:04

Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ստեղծված իրավիճակի, դրանց դրդապատճառների և հետևանքների մասով անբովանդակ են. Տիգրան Աբրահամյան

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, իր տեղեկություններով, Ադրբեջանը պատրաստվում է նոր բախումներ հրահրել Հայաստանի և Արցախի ուղղությամբ, այս մասին գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

«Դրան զուգահեռ, ՀՀ ՊՆ-ն ամենօրյա հաղորդագրություններով հանրությանը փոխանցում է սահմանին Երասխի հատվածում լարվող իրավիճակի մասին։ Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել»,-նշել է Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները գոնե արտաքուստ դիտորդի կարգավիճակով հետևում են իրադարձությունների զարգացումներին։

«Այս վերջին միջադեպերի հետ կապված անհայտությունները դեռ շատ են, մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ։ Ուղղակի այդ գործարքի մի հատվածը ենթադրում է պայմանավորված գործողություններ սահմանագծի կոնկրետ հատվածներում։

Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ստեղծված իրավիճակի, դրանց դրդապատճառների և հետևանքների մասով անբովանդակ են, ոչ ամբողջական, ինչն ավելի է խորացնում այս թեմայի շուրջ ստեղծված մտահոգությունները»,-նշել է Աբրահամյանը։

 

Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ստեղծված իրավիճակի, դրանց դրդապատճառների և հետևանքների մասով անբովանդակ են. Տիգրան Աբրահամյան