23/07/2021 10:40
Առանց ազգային գաղափարախոսության, ծրագրերի նման աշխարհքաղաքական դիրքի և հարևանության պայմաններում մենք հուսալի ապագա չունենք. Կամո Աթայան
Ազգային գափարախոսություն կոչվածն իմ պատկերացմամբ հայեցակարգային այնպիսի դրույթների ամբողջություն է, որը միտված է ազգային ինքնության, մշակույթի պահպանմանն ու զարգացմանը,ազգային նպատակների իրականացմանը, տնտեսության զարգացմանը,ինչպես նաև սփյուռքի, աշխարհի և հարևան ժողովուրդների հետ հարաբերվելու ձևերին ու մեթոդերին:Անկասկած նման կարևոր հայեցակարգում իր ուրույն տեղը պետք է ունենա նաև ազգային տուրքի սահմանման, ուծացման դեմ պայքարելու վերաբերյալ դրույթները...
Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ ու բնականաբար հնարավոր չէր նման ծրագիր մշակել:
Խորհրդային 70 տարիներին դա ընդհանրապես անհնարին էր, քանզի այդ պետության մեջ միայն մի գաղափարախոսություն էր գործում, դա քաջածանոթ կոմունիստական գաղափարախոսությունն էր:
Անկախությունից հետո մեր պետական ու քաղաքական ղեկավարությունը հստակ դիրքորոշում նույնիսկ չի ներկայացրել ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին, էլ ուր մնաց դրա մշակմանը ձեռնմուխ լինելը...
Եթե նայում ես մեր տարածաշրջանի լոկ աշխարհագրական համայնապատկերը, ապա իսկույն պարզ է դառնում, որ այստեղ առկա 7-8 միլիոնանոց երեք քրիստոնեական օազիսները`Արցախը, ՀՀ-ն և Վրաստանը հիմնականում ունեն վտանգված ապագա, քանզի նրանք շրջապատված են մոտ 180 միլիոնանոց համարյա համասեռ, իսլամ դավանող բնակչությամբ երկրներով, որոնցից Թուրքիան ու Ադրբեջանը թշնամական վերաբերմունք ու գործելակերպ ունեն Արցախի և Հայաստանի նկատմամբ:
Կյանքը ցույց է տալիս նաև, որ «Ադրբեջան» արհեստածին կազմավորումն ինչպիսի արագությամբ և պարբերությամբ իր այբուբենն է փոփոխում, համարյա նույն տեմպերով էլ իր «ուրույն պատմագիտությունն» է ստեղծում, մասնավորապես ի հաշիվ Արցախի, Հայաստանի և տարածաշրջանի պատմության աղավաղման...
Էլ չենք խոսում Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության ժխտման «գիտական» փորձերի մասին...
Մեր երկրները, որոնց և բնակչությունը, և տնտեսական հնարավորություններն անհամեմատ փոքր են հարևան թշնամի երկրների հնարավորություններից, ունեն ոչ հուսալի, վտանգված ապագա: Նման պարագայում կամ պետք է ունենալ հստակ ազգային գաղափարախոսություն հայեցակարգ, և զարգացման հատուկ ծրագրեր, կամ էլ ցանկացած պահի կենթարկվես ռազմական, տնտեսական, քարոզչական հարձակումների ու տևական էքսպանսիայի և ժամանակի ընթացքում կդադարես որպես պետություն գոյություն ունենալուց:
Անկասկած բացի գափարախոսությունից, ազգային ծրագիր հայեցայկարգերից, լավ աշխատող տնտեսությունից, մեր նման պետությունը պետք է ունենա նաև հզոր դաշնակից նվիրյալ պետություն ու նաև ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել աշխարհի այլ պետությունների հետ՝ անկախ դավանած կրոնից, մաշկի գույնից, հասարակական կացութաձևից և այլն...
Իսկ միգուցե հենց ազգային գաղափարախոսության,և նման ծրագրերի պակասի պատճառով մեր ժողովուրդը վերջին տարիներին պառակտվեց, պարտվեց ու հիմա էլ գտնվում է պետականության կորստի ակտիվ փուլում: Չէ, որ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում ու ներկայումս ավելի հաճախ այն գրավում են հատուկ տեխնոլոգիաներով , աղանդներ ներդնելով ու այլ միջոցներով:
Այլապես ինչպես բացատրել, որ Արցախ ազատագրած, շուրջ երեք տասնամյակ Արցախի անվտանգությունը պաշտպանած, բառիս բուն իմաստով խրամատում, պատերազմի դաշտում վառոդի հոտը առած հայ քաղաքացին այդքան դյուրին կերպով հնազանդվեց ու համակերպվեց Արցախի կորստյան վտանգի հետ, էլ չեմ խոսում Հայաստանի սահմանների մասին, որտեղ ամենատարբեր ուղղություններով թշնամին սողոսկել է ու ամիսներ շարունակ առանց պատժվելու իր սև գործն է կատարում սուվերեն պետության տարածքում:
Միթե ստեղծված իրավիճակում միակ ճիշտ ճանապարհն օտար ափերում բարեկեցիկ կյանք որոնելը, կամ անտարբեր վիճակով հայրենիքում ապրելն է...
Ազգային գաղափարախոսության պակասը մեզ մոտ մասնավորապես փորձում են լրացնել քաղաքական կուսակցություններ բուծելով, ինչը գաղտնիք չէ, որ ավելի է պառակտում՝ մշտապես պառակտման ներուժ, համապատասխան կրիտիկական զանգված, և մեծ հավակնություններ չունեցող ազգը:
Թող որևէ մեկի մոտ չստեղծվի տպավորություն, որ կոչ ենք անում ազգային ինքնամեկուսացման, նացիոնալիզմի, ինքնասիրահարման ու նման այլ բաների:
Ոչ, ամենևին ոչ: Այս ամենի ծրագրման, ընդունման և իրականացման արդյունքում, մենք ընդամենը կունենանք և կպահպանենք ազգային հստակ դիմագիծը, ինքնատիպությունը, որոնք զարգացող ու փոփոխվող այս աշխարհում շուտով հավանաբար մեծ պահանջարկ կսկսեն վայելել: