Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացնում. ԵԱՀԿ գործող նախագահ
30/07/2021 10:22

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացնում. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կողմերին հորդորում եմ հիմնվել վերջին մարդասիրական քայլերի վրա և ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լինդեն:

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս հինգ զինծառայող վիրավոր է:
 
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:
 
Երեկ՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
 
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
 
Ժամը 08։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
 
Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։
 
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։

Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:

facebook sharing button
twitter sharing button

 

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացնում. ԵԱՀԿ գործող նախագահ