04/08/2021 18:00
Կազմաքանդված է պետությունը, քայքայված է բանակը. այս իշխանությունը մեզ ներսից է խփել. Աղվան Վարդանյան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայն ուժային կառույցներին ապավինելով՝ ապագա չի ունենալու:
Պատգամավորն ասաց, թե կազմաքանդված է պետությունը, բոլոր ոլորտները ձախողված են, քայքայված է բանակը:
«Մեր երկիրը տարել եք պատերազմի, խայտառակ պարտություն ենք կրել, ոտնահարված է մեր բոլորի արժանապատվությունը», - ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ ոչ մի հարց չի լուծվել, բոլոր հարցերը ստանալու են իրենց պատասխաններն ու պատասխանատուները կանգնելու են օրենքի առաջ:
«Այստեղ ասում են՝ «եթե մեզ ներսից չխփեն, եթե մեզ ներսից չվնասեն, ապա հրաշքներ կգործենք». այս իշխանությունը մեզ ներսից է խփել», - ասաց նա:
«Վախը վատ խորհրդատու է, ինչի՞ց եք վախենում», - ասաց Վարդանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը իշխող թիմին կոչ արեց կարողանալ Նիկոլ Փաշինյանին ոչ ասել:
«Հարգեք ինքներդ ձեզ, ձեր արժանապատվությունը, եթե դուք չհարգեք, ոչ ոք չի հարգելու», - նշեց Վարդանյանը, իսկ ՔՊ-ից նրա խոսքերին ռեպլիկով արձագանքեցին:
«Ո՞վ է այս տղան, ասեք չխանգարի», - դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց նա:
Անդրադառնալով Ազգային ժողովում լրագրողների աշխատանքը սահմանափակելուն ու հոկտեմբերի 27-ից խոսելուն, Վարդանյանն ընդգծեց. «Ասում եք Նաիրի Հունանյանն էլ է լրագրող եղել, է, Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող եղել, այս դահլիճում երկու կողմում էլ տասնյակ լրագրողներ կան»:
Վարդանյանը հիշեցրեց, թե անընդհատ ասում են, որ պետք է հարգել միմյանց:
«Գիտեք, հարգել կարելի է ինստիտուտները, օրինակ, խորհրդարանը, բայց հորդորելով անձին չեն հարգում, անձին հարգում են իր գործով, իր վարքով, վաստակով, որքան էլ ցավալի է՝ կան մարդիկ, որոնց հարգել, նշանակում է ինքդ քեզ չհարգել, ցավոք, այդպիսի մարդիկ կան նաև այս դահլիճում: Դուք կհարգեի՞ք մի մարդու, որը գրել է «սագագիր, ղազագիր», ես ո՞նց կարող եմ այդ մարդուն հարգել. եթե դուք կարող եք հարգել, Աստված ձեզ հետ», - ասաց պատգամավորը:
Նա ասաց, թե, սովորաբար, ցանկացած իշխանություն ականջ չի ունենում. չի լսում, չի ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում իրական կյանքում:
«Այնքան չի լսում, մինչև հեռացվում է», - ասաց նա: