«Հենց էնպես ստորագրեցին, Արցախը տվեցին, թող հենց էնպես ստորագրեն ու մեզ տուն տան»․ Արցախի օկուպացված շրջանների տեղահանված բնակիչները կառավարության մոտ բողոքի ակցիայի են
09/09/2021 13:02

«Հենց էնպես ստորագրեցին, Արցախը տվեցին, թող հենց էնպես ստորագրեն ու մեզ տուն տան»․ Արցախի օկուպացված շրջանների տեղահանված բնակիչները կառավարության մոտ բողոքի ակցիայի են

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի են դուրս եկել օկուպացված Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի բնակիչները՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով իրենց ապահովել տարրական կեցության պայմաններով ու բնակարան տրամադրել։ Նրանք դժգոհում են ՀՀ իշխանության անգործությունից։ Հադրութցիները 15 օր առաջ են դիմել կառավարություն, պատասխանը հուսադրող չէ։

«Մարդիկ ասում են՝ մենք չգիտենք, թե ձեզ ինչ պատասխան տանք։ Այսինքն, մեր վիճակը մնում է անորոշ։ Ես ներկայացրել եմ, ասել եմ, որ Արցախից 21 000 մարդ կա այստեղ, ու այդ մարդիկ անտերության են մատնված։ Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը ենթարկվում է Արցախին, թող ՀՀ կառավարությունը վերցնի իր հայեցողության տակ ու կոորդինացնեն իրենց աշխատանքները, ոչ թե այստեղից օգնությունը հասնի Արցախ, հետո նորից գա, հասնի այստեղ», - ասաց Հադրութից տեղահանված բնակիչների ներկայացուցիչը։

Ակցիայի մասնակիցները դժգոհեցին, որ զրկված են նաև ՀՀ կառավարության կողմից հատկացվող 68 000-ական դրամներից։ Դրանք միջին տարիքի տղամարդկանց չեն հատկացվել, այնինչ տուն ու բիզնես կորցրած արցախցիները Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել։

«Մեր պահանջն է, որ մեզ այստեղ տնով-տեղով ապահովեն։ Մենք Հադրութում մեր եղածը կորցրել ենք, չգիտենք՝ փախստական ենք, վերաբնակիչ ենք, թե ով ենք», - ասացին տեղահանվածները՝ պահանջելով նաև իրենց կարգավիճակի հստակեցում։

 «Մեզ ընդունողն ասում է՝ ձեր հարցերը դեռ պրոցեսի մեջ չեն։ Հադրութեցու պահանջը քաշաթաղցու և քարվաճառցու պահանջից չի տարբերվում։ Երկու կառավարություն ունենք մեկի փոխարեն։ Ինչո՞ւ որևէ մեկը մեր կարգավիճակով չի հետաքրքրվում։ Կամ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կամ ասեք, որ չեք կարողանում, մենք էլ դիմենք միջազգային հանրությանը», - հայտարարեցին ակցիային միացած քաշաթաղցիներն ու քարվաճառցիները։

«Հյուրանոցում ենք մնացել, վարձով բնակարանում ենք մինչև հիմա բնակվում, 3 երեխա ունենք։ Մենք մեր տունն ենք ուզում։ Եթե Քարվաճառի մեր տունը հետ կտան, կգնանք, չէ՝ թող կարգավիճակ տան», -ասաց նրանցից մեկը:

«Անուսինս 23 տարի Քարվաճառը պահել է, տղաս Արցախում ծառայում է, ես այստեղ՝ փողոցներում եմ երկու անչափահաս երեխաներիս հետ, խնդրում ենք՝ գոնե անտեսված չլինենք։ Ոչ զանգում են, ոչ հետաքրքրվում են», - դժգոհեց արցախցին:

«Հենց էնպես ստորագրեցին, Արցախը տվեցին։ Թող հիմա էլ հենց էնպես ստորագրեն ու մեզ տուն տան։ Եթե ղեկավարությունը մեզ դուրս է հանել մեր տներից, թող հիմա ապահովի մեզ բնակարանով», - ասացին տեղահանված արցախցիները։

«Հենց էնպես ստորագրեցին, Արցախը տվեցին, թող հենց էնպես ստորագրեն ու մեզ տուն տան»․ Արցախի օկուպացված շրջանների տեղահանված բնակիչները կառավարության մոտ բողոքի ակցիայի են