23/09/2021 11:00
Սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով հետախուզվող Սյունիքի մարզպետի որդին ներկայացել է իրավապահներին և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ինքնակամ ներկայացել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ՔԿ է ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը։
Կարեն Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք՝ Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Կարեն Պողոսյանը, գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։