25/09/2021 19:49
Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը որոշեց դատաբժշկական փորձաքննություն նշանակել
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, թե որոշել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին մեղադրողի միջնորդությունը բավարարել։
«Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն», - հայտարարեց դատավոր Վահե Միսակյանը։
Անդրադառնալով պաշտպանների միջնորդությանը՝ դատավորը հայտարարեց, թե դատարանը որոշել է միջնորդության քննարկումը հետաձգել մինչև գործով էական հանգամանքների պարզումը, այն է՝ փորձաքննության եզրակացության ստանալը։
Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կբողոքարկեն դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանի պաշտպանները միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել Արմեն Չարչյանին։
Միջնորդությունը քննարկելու համար դատարանն արտահերթ նիստ էր հրավիրել՝ պաշտպանական կողմի պահանջով։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է ու միջնորդել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, իսկ որպես գրավի չափ առաջարկել էր 20 մլն դրամ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին։