28/09/2021 19:09
Թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացում է պետք Ռուսաստանի հետ, բայց դա պետք է երկուստեք լինի և փաստաթղթավորված․ Շարմազանով
«Ունենք Արցախի 75 տոկոս, որն այլևս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ունենք հանձնված Շուշի և Հադրութ: Ունենք Շուշիի դեկլարացիա, որով դե յուրե Թուրքիան մտնում է տարածաշրջան․ այս պատերազմից հետո Թուրքիան ուղիղ մտել է մեր ռեգիոն և արցախյան հարցում ուղիղ դիրքավորվել՝ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը: Ունենք Հայաստանի ինքնիշխան տարածք, որը, արդեն շուրջ 5 ամիս է, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ունենք գերիներ, որոնք չեն վերադարձվել Հայաստանին, և չի կատարվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան կետը: Ունենք անհետ կորածներ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, ունենք գերիներ, որոնք արդեն դատապարտվել են Ադրբեջանի դատարանների կողմից, ունենք թուլացող և արնաքամ լինող Հայաստան, և գրեթե ինքնիշխանությունից զրկված պետություն, չգործող պետական ինստիտուտներ: Ողբերգական իրավիճակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ստեղծված պայմաններում ցանկացած ձախողում իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքներով «լեգիտիմացնելու» փորձերին, ըստ Էդուարդ Շարմազանովի, հարկավոր է կոնկրետ քայլեր հակադրել։
«Այսօր ինչ լինում է, ասում է՝ 54 տոկոսն ինձ ձայն է տվել: Ի՞նչ անել. առաջինը՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացում, երկրորդը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացում, միգուցե՝ նոր ինտեգրացիա, երրորդը՝ ազգային ինստիտուտների վերականգնում, ազգային կրթության վերականգնում»,- ասել է նա։
Ռուսաստանի հետ նոր ինտեգրացիայի հնարավորությունը կամ հայ-ռուսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը Շարմազանովը դիտարկել է նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համատեքստում։
«Ակնհայտ է մի բան՝ այսօր Հայաստանը միայնակ չի կարողանում պաշտպանել իր անվտանգությունը: Արցախի մնացած մասում ՌԴ խաղաղապահների շնորհիվ է, որ քիչ, թե շատ խաղաղություն կա, իսկ Հայաստանում այնպես են գլխատել ամեն ինչ, որ միայնակ չի կարողանում անգամ Ադրբեջանին դիմակայել: Մեզ ավելի երկարաժամկետ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացում է պետք Ռուսաստանի հետ, բայց դա պետք է երկուստեք լինի, պետք է փաստաթղթավորված լինի: Ես այն գործիչներից չեմ, որ կենացներ են ասում: Պետք է լսենք դիմացինին՝ իրեն պե՞տք է, թե՞ ոչ: Բայց ակնհայտ է մի բան․ այս պատերազմից հետո տարածաշրջանում կա երկու հզոր ուժ։ Իհարկե, Իրանն էլ է ուժեղ, բայց այդքան չի խառնվում, և կոնկրետ Հայաստանի դեպքում երկու լուրջ գործոն կա՝ կամ Թուրքիա, կամ Ռուսաստան: Ակնհայտ է, որ դեպի Թուրքիա շեղվելը լինելու է Հայաստանի՝ «Էրմենիստան» կամ թուրքական վիլայեթ դառնալը և կլանումը Թուրքիայի կողմից, ինչը հիմա տեղի է ունենում»,- ասել է էդուարդ Շարմազանովը։