08/10/2021 14:55
Թուրքիան մեղադրվում է անչափահասներին զինվորագրելու և պատերազմում օգտագործելու մեջ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ Լիբիայում փաստահավաք առաքելության զեկույցում նշվում է, որ Լիբիան և Թուրքիան խախտել են «հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայով, հայտնում է ermenihaber.am-ը։
Նշված զեկույցում քննվել են 2016 թվականից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խատումները։
Ըստ այդմ՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել են նաև անչափահաս (մանկահասակ) զինվորներ, որոնց Լիբիա տեղափոխելու և պատերազմին մասնակից դարձնելու գործում դերակատարում է ունեցել Թուրքիան։
«Ըստ 2019 թվականի վերջից ձեռք բերված փաստերի՝ Թուրքիան միջնորդ է հանդիսացել, որպեսզի արտաքուստ ակնհայտորեն 15-18 տարեկան սիրիացի երեխաները հավաքագրվեն և գումարի դիմաց պատերազմեն Լիբիայի ազգային բանակի դեմ՝ «Ազգային համաձայնության կառավարության» համար» ,- շեշտվել է զեկույցում։
BBC-ի թուրքերեն ծառայությունը հայտնում է, որ զեկույցը մեկնաբանելիս Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հերքել են մեղադրական պնդումները՝ դրանք բնորոշելով անհիմն։
Այս տարվա հուլիսին ԱՄՆ պետդեպը ևս Թուրքիային ներառել էր անչափահաս զինվորների օգտագործման մեջ ներգրավված երկրների ցանկում։